Մեր քաղաքական, հասարակական շրջանակներում ԼՂ թեման քննարկվում է ֆորսմաժորային իրավիճակներում: Օգոստոսին, երբ աննախադեպ լարված էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, նույնիսկ ազգային համաձայնության քաղաքական դրսևորման ականատեսը եղանք. խորհրդարանի բոլոր ֆրակցիաները ստորագրեցին համատեղ հայտարարություն: Հայկական ռազմական ուղղաթիռի անկումն ու դրան հաջորդած քննարկումները դարձյալ հասարակական հետաքրքրությունների ու քաղաքական առաջնահերթությունների օրակարգ բերեցին Ղարաբաղի հարցը: Սակայն պետք է ընդունենք, որ ֆորսմաժորային իրավիճակներում Ղարաբաղի հարցը քննարկվում է ոչ թե ռացիոնալ, բովանդակային հարթության, այլ հայրենասիրական պաթոսի, ծայրահեղացված տրամադրությունների դաշտում: Բովանդակային հարթության մեջ Ղարաբաղի հարցը մեր քաղաքական դաշտը, մասամբ նաև հասարակությունը, քննարկել են մի քանի անգամ: Առաջինի նախաձեռնողը եղել է հենց իշխանությունը, երբ 1997-ի աշնանը նախագահ Լևոն Տեր-Պետրոսսյանը հրապարակեց իր հայտնի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը: Սակայն նույնիսկ այդ օրերին քննարկումները չունեին արգումենտավորված բնույթ ու սահմանափակվում էին «Ղարաբաղը ծախել-չծախելու» մեղադրանքներով: 1999-2000-ին դարձյալ իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ՝ վարչապետ Արամ Սարգսյանը, փորձեցին քաղաքական ու հանրային ուշադրության կենտրոնում պահել Ղարաբաղի հարցը, երբ իմացանք, որ նա դեմ է Մեղրին փոխանակելու տարբերակին, ինչը, ըստ նախկին վարչապետի, արժանացել էր այդ շրջանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանությանը: Դարձյալ խորքային քննարկում չեղավ, որովհետև Ռոբերտ Քոչարյանը, սովորության համաձայն, լռեց՝ չհաստատելով ու չհերքելով Սարգսյանի պնդումները: Ես կարծում եմ՝ մեզ պետք են լուրջ խորքային քննարկումներ Ղարաբաղի հարցով: ՈՒ դա տեղի պետք է ունենա ֆորսմաժորային իրադարձություններից դուրս: Ոչ թե իրադարձությունները պետք է ձևավորեն մեր կարծիքը, այլ մեր դիրքորոշումները պետք է ազդեն կարգավորման գործընթացի, մեր իշխանությունների ու միջնորդների քաղաքականության վրա: Այդ քննարկումներում հնարավորինս զերծ պետք է մնալ էմոցիոնալ շեշտադրումներից՝ Ղարաբաղի խնդրի լուծումը դիտարկելով Հայաստանի զարգացման համատեքստում:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ